
Կոնֆերանս՝ նվիրված ESG գործիքներին կապիտալի շուկայում, իրականացվել է Կապիտալի շուկայի աջակցման ծրագրի շրջանակներում
2025թ․ սեպտեմբերի 23
2025թ․ սեպտեմբերի 23-ին «Մարիոթ Երևան» հյուրանոցում անցկացվեց Կապիտալի շուկայի աջակցման (CMS) ծրագրի շրջանակում կազմակերպված կոնֆերանս, որի թեման Հայաստանի կապիտալի շուկաների զարգացման մեջ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) գործիքների դերն էր։ Միջոցառումը համախմբեց տարբեր ընկերությունների, քաղաքականություն մշակողների, ֆինանսական հաստատությունների և միջազգային փորձագետների՝ քննարկելու, թե ինչպես կարող են ESG գործիքները նպաստել կայուն աճին և ներդրումների ներգրավմանը։
Կոնֆերանսի ընթացքում հնչեցին հիմնական ելույթներ և ինտերակտիվ քննարկումներ։ «BDO Armenia»-ի գործընկեր և խորհրդատվության ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը շեշտեց Հայաստանի ֆինանսական միջավայրը ամրապնդելու գործում ESG գործիքների աճող նշանակությունը։ Մասնակիցներին ներկայացվեցին ESG-ի հետ կապված գործիքներ, բացատրվեց կանաչ պարտատոմսերի շուկայի գործելակերպը, նկարագրվեցին թողարկման ստանդարտ ընթացակարգերը, ինչպես նաև ընդգծվեցին թողարկումից հետո պահանջվող հաշվետվությունները և պարտականությունները։
Պանելային քննարկումը, որը վարում էր պարոն Շաղիկյանը, ավելի խորությամբ անդրադարձավ Հայաստանում ESG գործիքների զարգացման հնարավորություններին և մարտահրավերներին։ Քննարկմանը մասնակցում էին․
-
Դավիթ Մանուկյան, ՎԶԵԲ գլխավոր բանկիր
-
Թամտա Գորգաձե, «Գալթ & Թագգարտ»-ի խորհրդատվության ղեկավար
-
Շուշանիկ Հովսեփյան, «Ամերիաբանկ»-ի կապիտալի շուկաների ղեկավար
-
Մարիաննա Գյուլումյան, «Տելեկոմ Արմենիա»-ի ֆինանսական փոխտնօրեն
Կոնֆերանսը CMS ծրագրի շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը համատեղ իրականացնում են Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ)։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Գալթ & Թագգարտ»-ը և «Ամերիա Մենեջմենթ Ադվայզորին»՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
Կապիտալի շուկայի գործիքների բոլոր պոտենցիալ թողարկողներին խրախուսում ենք դիմել CMS ծրագրին։ Գրանցումը բաց է մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը։ Դիմումները կարող են ներկայացվել ծրագրի պաշտոնական կայքի միջոցով՝ www.cms-armenia.ebrd.com։